Հայաստանում ներկայումս ստեղծված քաղաքական փակուղային իրավիճակը, որի հետևանքով տարածքային կորուստներ են արձանագրվել, սահմանային անվտանգությունը վտանգված է, բանակի մարտունակությունը թուլացել է, իսկ պետական ինստիտուտների հեղինակությունը նվազել, լրջորեն առաջացնում է քաղաքական պատասխանատվության հարց։ Նիկոլի իշխանության պայմաններում ընդունված որոշումները և իրականացված քայլերը բազմաթիվ դեպքերում ակնհայտորեն հակասում են պետականության պահպանման և ազգային անվտանգության հիմնական սկզբունքներին։
Այս պայմաններում իմպիչմենտի գործընթացը դիտարկվում է որպես օրինական և սահմանադրական մեխանիզմ՝ պետական շահերի պաշտպանությունը ապահովելու նպատակով։ Դա բացառապես իրավական գործընթաց է, որը հիմնվում է Սահմանադրության դրույթների վրա և ենթադրում է իշխանության կողմից լուրջ խախտումների արձանագրում։
Պատմական օրինակները ցույց են տալիս, որ իմպիչմենտը կիրառվում է այն դեպքերում, երբ պետության ղեկավարի գործողությունները հակասում են սահմանադրությանը կամ ազգային շահերին։ 1974 թվականին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց՝ ի պատասխան Վոթերգեյթի սկանդալի պատճառով սկսված իմպիչմենտի գործընթացի։ Նիքսոնի դեպքում խոսքն իշխանության չարաշահման և հետաքննության խոչընդոտման մասին էր։
2016 թվականին Բրազիլիայում Դիլմա Ռուսեֆը պաշտոնից հեռացվեց՝ ֆինանսական մանիպուլյացիաների մեղադրանքներով, որոնք ազդել էին պետբյուջեի հաշվետվողականության վրա։ Հարավային Կորեայում 2017-ին նախագահ Պակ Կուն Հեն հեռացվեց կոռուպցիոն սկանդալների ֆոնին՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ։
Ըստ էության, սա ցույց է տալիս, որ իմպիչմենտի հաջող ընթացքի համար անհրաժեշտ են հստակ իրավական հիմքեր, հանրային լայն մասնակցություն և քաղաքական կոնսոլիդացիա։ Օրինականության և գործընթացի թափանցիկության պահպանումը վճռորոշ նշանակություն ունի հանրային վստահությունը պահպանելու համար։ Իմպիչմենտը տվյալ դեպքում դիտարկվում է որպես սահմանադրական մեխանիզմ՝ ուղղված քաղաքական պատասխանատվության սահմանմանը և պետության շահերի պաշտպանությանը։
Արմեն Հովասափյան